Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՃԵՆ ՈՒ ԶԱՐԳԱՆԱՆ ՄԻԱՍԻՆ»

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՃԵՆ ՈՒ ԶԱՐԳԱՆԱՆ ՄԻԱՍԻՆ»
13.10.2009 | 00:00

Գիտության պետական կոմիտեն և Գիտությունների ազգային ակադեմիան մշակել են գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Փաստաթուղթն ամրագրում է գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը 2011-2020 թվականների համար: Այն գիտության ոլորտի ներկա վիճակի, առկա հիմնախնդիրների, հեռանկարային զարգացման նպատակների և ուղղությունների վերաբերյալ դրույթների ամբողջություն է, որը հիմք է հանդիսանալու ոլորտի զարգացման 2011-2015 և 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրերը մշակելու համար, որոնք իրենց հերթին ապահովելու են գիտության դինամիկ և նպատակաուղղված զարգացումը: Այդ ծրագրերն իրականացվելու են կառավարության, մասնավոր բիզնեսի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և սփյուռքի ջանքերի զուգակցմամբ: Գիտության պետական կոմիտեի նախագահ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ զրույցը վերաբերում է ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությանը։
-Պարոն Հարությունյան, ի՞նչ է իրենից ներկայացնում գիտության զարգացման ռազմավարությունը։
-Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում վերաիմաստավորվում և վերաձևակերպվում է պետության ու հասարակության վերաբերմունքը մարդկային գործունեության տարբեր ոլորտների և դրանց զարգացման առաջնահերթությունների նկատմամբ։ Բայց անփոփոխ է մնում տնտեսապես զարգացած երկրների քաղաքականությունը գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում, այն է՝ տնտեսական ճգնաժամը չպետք է ազդի ոլորտի ֆինանսավորման ծավալների վրա։ Այլ խոսքով ասած, շարունակվում է այն քաղաքականությունը, որ ժամանակակից հասարակության զարգացման հիմքը գիտելիքն է, և միայն գիտելիքի վրա հիմնված տնտեսությունն ու հասարակությունն են ի զորու նվազագույն կորուստներով հաղթահարելու ինչպես արդի ֆինանսական դժվարությունները, այնպես էլ, ընդհանրապես, մարդկության առջև արդեն իսկ ծառացած կամ սպասվելիք մարտահրավերները։
Գիտությունն ու տնտեսությունը պետք է աճեն ու զարգանան միասին՝ մեկը մյուսից «սնվելով»։ Պետության օժանդակության պայմաններում տնտեսավարող սուբյեկտները պետք է «սովորեն» էժան տնտեսական աճի համար օգտագործել հայրենի գիտության ձեռքբերումները, իսկ պետությունն էլ իր հերթին միջոցներ և հնարավորություններ կունենա տնտեսության կողմից դեռևս ցածր պահանջարկ ունեցող գիտական ուղղությունները խթանելու համար։ Հասարակության և տնտեսության զարգացման այդպիսի մոդելի համատեքստում էլ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն և Գիտությունների ազգային ակադեմիան մշակել են ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունն առաջիկա 10 տարիների համար ։
-Որո՞նք են այդ ռազմավարության առանձնահատկությունները։
-Ռազմավարության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ, նախ, գիտության ոլորտի զարգացումը փոխկապակցվել է առաջատար տեխնոլոգիաների դինամիկ զարգացման հետ (հակառակ դեպքում գիտության ոլորտի զարգացումը կդառնար ինքնանպատակ և միայն մշակութային արժեք ու հետևանք ունեցող երևույթ, որը նպատակաուղղված կլինի «աբստրակտ» գիտելիքի ձեռքբերմանը)։ Երկրորդ՝ գիտության ոլորտի զարգացումը ներկայացվում է որպես հաջորդական, աստիճանաբար բարդացող ու ավելի կարևորվող փուլերի ամբողջություն՝ նպատակ ունենալով վերջնական արդյունքում Հայաստանի համար ապահովել ուրույն տեղի ձեռքբերումը և հաստատումը միջազգային գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական տարածքում։ Բացի այդ, առաջին անգամ փորձ է արվել մշակել այնպիսի ռազմավարություն, որ գիտության ոլորտի ֆինանսավորման ժամանակ առաջնահերթությունները տրվեն կոնկրետ ծրագրերի։ Այսինքն՝ բացվում է մինչ այժմ գոյություն ունեցող այն փակ շրջանը, որ գիտությունը լավ չի ֆինանսավորվում, ինչի պատճառով արդյունքները միջազգային մակարդակից ցածր են և միջազգային չափանիշներին անհամապատասխան։
-Ի՞նչ իրավիճակ է այսօր գիտության ոլորտում։
-Գիտության ոլորտի ներկայիս վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ անկախության տարիներին որոշակիորեն պահպանվել են հանրապետության գիտական ներուժը, գիտական կազմակերպություններն ու դպրոցները, ձեռք են բերվել որոշակի նվաճումներ տարբեր բնագավառներում։ Գիտական որոշ ուղղություններ արդեն իրենց ուրույն տեղն ունեն միջազգային գիտական և գիտակրթական տարածքում, ընդլայնվել է միջազգային համագործակցությունը։ 2009 թ. պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում ներգրավված են 116 կազմակերպություն, շուրջ 7 հազար 500 գիտնական և գիտական աշխատող, որոնցից 3075-ն ունեն գիտական աստիճան։ Հանրապետության գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ իրականացվում են միջազգային բարձր մակարդակին համապատասխանող մի շարք աշխատանքներ, որոնք հրատարակվում են հեղինակավոր գիտական ամսագրերում և արժանացել են բարձր գնահատականի ու մրցանակների ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային ասպարեզում։
-Այս ոլորտում բարեփոխումներն արդյոք ուշացած չե՞ն։
-Գիտության ոլորտում հիմնարար բարեփոխումների ձգձգումը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների։ Դրանք պայմանավորված են խորհրդային ժամանակների համեմատ ֆինանսավորման ծավալների կտրուկ կրճատմամբ, պետական առաջնահերթությունների բացակայությամբ, գիտական ներուժի զարգացման և վերարտադրության հնարավորության սահմանափակությամբ, գիտնականների արտահոսքով, ժամանակակից նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքների անբավարար մակարդակով, ինչպես նաև գիտական արդյունքների ներդրման և առևտրայնացման համակարգի դանդաղ ձևավորմամբ։ Արդյունքում շարունակվում է բարձրորակ կադրերի արտահոսքը գիտության բնագավառից, գիտական ավանդույթներ և միջազգային ճանաչում ունեցող մի շարք գիտական դպրոցներ կորցրել են իրենց երբեմնի բարձր դիրքերը, հասարակական գիտակցության մեջ նվազել է գիտության հեղինակությունը և գիտական աշխատողի մասնագիտական կարիերայի գրավչությունը, տնտեսական և հասարական զարգացումներում նպատակների նախանշումը չի իրականացվում անհրաժեշտ գիտական վերլուծությունների, հիմնավորումների ու քննարկումների հիման վրա։ Վերոնշյալ հիմնախնդիրները լուծելու, ինչպես նաև ունեցած ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու համար էլ մշակվել է գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ ձևակերպելով զարգացման հեռանկարը, նպատակային խնդիրները և դրանց հասնելու համար իրականացվելիք միջոցառումները։
-Գիտության ոլորտում ի՞նչ վերջնական նպատակի ենք ուզում հասնել ռազմավարության ընդունմամբ։
-Ռազմավարությունում ՀՀ գիտության ոլորտի զարգացման տեսլականը սահմանված է հետևյալ կերպ. 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը գիտական հետազոտությունների և մշակումների ոլորտն առաջընթաց զարգացնող, գիտական հետազոտություններով և մշակումներով միջազգայնորեն ճանաչված, տնտեսական և սոցիալական առաջընթացում նոր գիտելիքի ստեղծման ու օգտագործման աստիճանով առաջատար երկրների շարքում գտնվող պետություն է։ Ըստ այդ տեսլականի՝ ձևավորված են 7 թիրախային նպատակներ՝ առանձնացնելով և կարևորելով հայագիտության առաջընթաց զարգացման անհրաժեշտությունը որպես պետության համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող գերակայություն։ Գիտության ոլորտի զարգացման թիրախային նպատակներն ընտրված են այնպիսի տրամաբանությամբ, որ որոշակի հաջորդական քայլեր իրականացնելու արդյունքում գիտական հետազոտությունների ու մշակումների արդյունքները պահանջարկ կունենան և համապատասխան կիրառություն կգտնեն հայրենական տնտեսության մեջ, կստեղծվի կրթության, գիտության տեխնոլոգիաների և ինովացիայի ներդաշնակ փոխգործակցող, ինքնավերարտադրվող համակարգ, և, վերջապես, հնարավոր կլինի միջազգային գիտական տարածքում գտնել այն նեղ մասնագիտացումը, որտեղ մեր հանրապետությունը կկարողանա դասվել առաջատար երկրների շարքին։
-Գիտական կադրերի վերարտադրության ապահովման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են նախատեսվում։
-Գիտության ոլորտի ենթակառուցվածքների արդիականացումը կդառնա ինքնանպատակ, եթե չապահովվի դրանց արդյունավետ և նպատակային շահագործումը բարձր մասնագիտական որակավորում ունեցող կադրերի կողմից։ Այս իմաստով բացառիկ ռազմավարական նշանակություն է ստանում բարձր կրթական մակարդակ ունեցող մասնագետների, գիտական ներուժի վերարտադրության հարցը։ Բանն այն է, որ համաշխարհային տնտեսության գլոբալացման պայմաններում սրվել է նաև պետությունների մրցակցությունը բարձր կրթական մակարդակ ունեցող մասնագետների ներգրավման ուղղությամբ։ Այսպես, 2005 թ. Լիսաբոնում ձևավորված «Լիսաբոնյան ռազմավարության» նպատակադրումների (2010 թ. Եվրոպան պետք է ունենա ամենամրցունակ և դինամիկ զարգացող գիտելիքահենք տնտեսություն) իրականացման համար Եվրամիությունը նախատեսում է և՛ ավելացնել գիտական հետազոտություններին հատկացվող ֆինանսական ծավալները՝ մինչև ՀՆԱ-ի 3 տոկոս, և՛, միաժամանակ, ներգրավել լրացուցիչ 6-7 հարյուր հազար հետազոտողների։ Իհարկե, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն այդ նպատակադրումների մեջ մտցնում է լրացուցիչ ճշգրտումներ, սակայն չի փոխում դրանց ներքին տրամաբանությունն ու ընդհանուր մոտեցումները։ Այս իմաստով մեզ համար սկզբունքային է դառնում բարձր որակավորում ունեցող մասնագետների խելամիտ և հավասարակշռված օգտագործումը, մասնավորապես դրանց չբալանսավորված արտահոսքից ներհոսքին անցնելու խնդիրը՝ պահպանելով գիտնականի և գիտելիք կրողի ազատ տեղաշարժի՝ միջազգայնորեն ընդունված իրավունքը։ Նպատակին հասնելու նախապայմանը գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման եղանակների արդիականացումն է, մասնավորապես` մագիստրոսական և ասպիրանտական ուսուցումն ապագայում նաև ստեղծվելիք հետազոտական համալսարաններում իրականացնելը։
-Գիտական և գիտատեխնիկական բնագավառի զարգացման համար անհրաժեշտ է նաև խթանել միջազգային համագործակցությունը։ Այդ առումով ի՞նչ է նախատեսվում։
-Միջազգային համագործակցությունը մատչելի է դարձնում հետազոտությունների ավելի լայն շրջանակ, ռեսուրսներ և ենթակառուցվածքներ, նպաստում է հետազոտողների մոտ նոր գաղափարների և մոտեցումների առաջացմանը, հնարավորություն է տալիս նրանց համեմատել իրենց աշխատանքը բնագավառի լավագույնների հետ և արդյունքում բարձրացնել մասնագիտական մակարդակը։ Այդ գործոնների պատճառով միջազգային համագործակցությունը դառնում է ավելի կարևոր, քան երբևէ։ Ըստ էության, պետք է հիմնականում խթանել այն միջազգային ծրագրերը, որոնք նպաստելու են այնպիսի ուժեղ գիտական բազայի զարգացմանը կամ ստեղծմանը, որն ընդունակ է ծրագրի ավարտից հետո երկար ժամանակ բավարարել հասարակության և տնտեսության պահանջները։
-Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը հերթական հռչակագրային փաստաթուղթը չի՞ դառնա։
-Այն հռչակագրային է, և այդպես էլ պետք է լինի։ Ցանկացած ռազմավարություն հռչակում է հիմնական նպատակներն ու ընդհանուր ձևով նկարագրում այդ նպատակներին հասնելու եղանակները։ Ինչ վերաբերում է մարտավարական խնդիրներին՝ ռազմավարության նպատակների ձեռքբերմանն ուղղված քայլերին, ապա դրանք, առհասարակ, շարադրվում են առանձին ծրագրի տեսքով։ Այս դեպքում նախատեսվում է մշակել գիտության զարգացման ռազմավարական երկու հնգամյա ծրագիր, որտեղ հստակ նշվելու են ռազմավարական նպատակներին հասնելու կոնկրետ քայլերը, ֆինանսավորման աղբյուրները և պետական պատասխանատու մարմինները։
Հարցազրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ